«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ղարաբաղի հարցում Իրանի հնարավոր դիրքորոշումը

Ղարաբաղի հարցում Իրանի հնարավոր դիրքորոշումը
04.11.2008 | 00:00

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹՆՋՈՒԿ
1990-ականներին, ինչպես այլ տերությունների, այնպես էլ Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում առանձնապես դրական չէր։ Անշուշտ, Իրանը մեծ հետաքրքրություն էր դրսևորում այն փաստի նկատմամբ, որ Ղարաբաղում հնարավոր է նոր հայկական պետականության ձևավորումը։ Թեհրանը նաև որոշակի աջակցություն էր ցուցաբերում ԼՂՀ-ին՝ ցանկանալով ճշտել իր դերը երկրորդ հայկական պետության գոյության հարցում` ապագայի կտրվածքով։ Այդ շրջանում իրանցիները բավական հաճախ բախվեցին ԼՂՀ իշխանությունների կողմից ոչ կոռեկտ վերաբերմունքի իրենց նկատմամբ, սակայն աշխատում էին դրան նայել մատների արանքով, քանի որ Իրանը խիստ շահագրգռված էր Թուրքիայի և Ադրբեջանի միջև լուրջ և մշտական արգելապատնեշի գոյությամբ։ Ինչպես նաև Ադրբեջանի և Իրանի հյուսիսարևմտյան նահանգների միջև տարածության առկայությամբ։
Սա արդեն վաղուց դարձել է աքսիոմա, բայց, այնուհանդերձ, Իրանը մինչև 1990-ականների վերջը ԼՂՀ-ն դիտարկում էր իբրև ժամանակավոր երևույթ, որը կարող է օգտագործել տակտիկական նկատառումներով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ երկխոսության մեջ ավելի լավ դիրքեր ունենալու համար։ Իրանցիները նույնիսկ շահագրգռված էին Հայաստանի և ԼՂՀ-ի միջև տարածության պահպանմամբ, քանի որ Երևանում այդ ժամանակ իշխանության գլուխ գտնվող ռեժիմին Թեհրանը վերաբերվում էր անվստահությամբ։ Ինչպես հայտնի է, Իրանն իրականացնում է իր սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու քաղաքականություն և ակտիվորեն աշխատում իր ազդեցությունը տարածել հարևան երկրների սահմանամերձ նահանգներում։ ԼՂՀ-ն նույնպես այդ իմաստով դիտարկվում էր իբրև Իրանի անվտանգության բաստիոններից մեկը։ Միաժամանակ, 2000-ից սկսած, Իրանի վերաբերմունքը ԼՂՀ-ի նկատմամբ սկսեց փոխվել, որովհետև իրանցիները համոզվեցին, որ երկրորդ հայկական պետությունը ժամանակավոր երևույթ չէ և ընդունակ է ավելի կարևոր տեղ զբաղեցնելու տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ։ ԼՂՀ-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում էր ոչ միայն Իրանի իշխանության, այլև քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների շրջանակում։ Դա միանգամայն հասկանալի է, որովհետև ԼՂՀ-ն ապացուցեց, որ ընդունակ է հաջող կենսագործունեության, և իրանական քաղաքական գործիչները միանգամայն լրջորեն են վերաբերվում ԼՂՀ անկախության ճանաչման հեռանկարին՝ միաժամանակ աշխատելով ճշտել շահագրգիռ պետությունների հնարավոր արձագանքն այս հարցում։
Իրանում միշտ խուճապով են ընկալել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները, որոնք իրենց մեջ ներառել են տարածքային զիջումներ և, մասնավորապես, Մեղրիով միջանցքի բացումը։ Ներկայումս Իրանը խիստ անհանգիստ է հայկական երկրորդ պետությունը Ղարաբաղում վերացնելու Ռուսաստանի «նախագծից», որը կարող է լուրջ փոփոխություններ բերել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ՝ ի նպաստ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Թեհրանի համար ռուսական այս նախագիծն աղետի է համարժեք ոչ միայն Ադրբեջանին հնարավոր տարածքային զիջումների տեսանկյունից, այլև այն առումով, որ Հայաստանը կարող է վերածվել Թուրքիայի սատելիտի։ Իրանցիները կարողանում են հաշվարկել հեռանկարը և հասկանում են, որ ռուսական հանցավոր նախագծի իրագործումից հետո մի քանի տարվա ընթացքում Հայաստանը շատ արագ կարող է վերածվել երկրորդ «Իսրայելի» և կհայտնվի առավելապես ԱՄՆ-ի, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ազդեցության գոտում։ Եվ որքան էլ տարօրինակ է, հենց դա թույլ կտա Թուրքիային՝ ավելի նախընտրելի դիրքեր նվաճելու Հարավային Կովկասում։ Իրանցիները նաև հասկանում են, որ Ռուսաստանն այդքան ուժ չունի այդ նախագիծն իրագործելու համար, և այն, շնչառություն չստացած, կտապալվի։ Իրանական դիվանագետները բարենպաստ հայտարարություններ են անում ռուս-թուրքական մտադրությունների մասին, ինչը համահունչ է իրենց խնդիրներին, բայց միաժամանակ անհամբեր սպասում են նրանց ծրագրերի տապալմանը։ Միաժամանակ Իրանը շատ ավելի անհանգիստ է Հայաստանի և հայ հասարակության դիրքորոշմամբ այս ողջ գործընթացում։ Ինչպես հայտնի է, աջակցում են նրան, ով չի ցանկանում հանձնվել և պատրաստ է շարունակել պաշտպանելու իր գոյության իրավունքը։ Պատմության մեջ չեն եղել դեպքեր, երբ նույնիսկ աշխարհաքաղաքական նկատառումներով օգնություն են ցուցաբերել մի ազգի, որն ինքը ցանկանում է մեռնել։ Ցավոք, Հայաստանում առայժմ կարծես գերիշխում են հաշտվողականության և սեփական պետականության կորստի հետ համակերպվելու տրամադրությունները։
Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են տարածաշրջանում ձևավորել դաշինք, որը ենթադրում է սերտ համագործակցություն տարածաշրջանային քաղաքականության առումով և նպատակ ունի դուրս մղելու ԱՄՆ-ին Սևծովյան և Հարավային Կովկասի տարածաշրջաններից։ Անշուշտ, ռուս-թուրքական հարաբերություններում առկա են շատ խնդիրներ ու հակասություններ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության։ Սակայն կողմերը ձգտում են համատեղել ջանքերը վերոնշյալ նպատակի շուրջ։ Ռուսաստանն ու Թուրքիան ծախսել են շատ տնտեսական, քաղաքական և քարոզչական ռեսուրսներ՝ Սև ծովում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում նոր դիրքեր ձեռք բերելու համար։ Այս տարածաշրջաններում նրանց շահերը շատ անգամ չեն համընկնում և նույնիսկ հակասում են իրար։ Միաժամանակ, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Թուրքիան չեն պատրաստվում մեկը մյուսի նկատմամբ սկզբունքային զիջումների, քանի որ խոսքը ռազմավարական շահերի և ազգային անվտանգության խնդիրների մասին է։ Ռուսաստանում հասկանում են, որ Թուրքիան Մոսկվայի հետ նոր հարաբերությունները կառուցում է Արևմուտքի հետ իր փոխհարաբերությունների հաշվարկով։ Չնայած Թուրքիայի կողմից Արևմուտքի նկատմամբ ունեցած բազմաթիվ վերապահումներին, Անկարայում հասկանում են, որ երկիրը չի կարող հաջողությամբ զարգանալ, ապահովել իր պաշտպանությունն ու անվտանգությունն առանց ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերությունների։ Ռուսաստանը Թուրքիային պետք է ոչ այնքան որպես գործընկեր կամ էներգետիկ և այլ ռեսուրսների մատակարար, որքան որպես տակտիկական դաշնակից՝ եվրատլանտյան կառույցների հետ իր հարաբերությունները բարելավելու համար։
Միաժամանակ միջազգային իրադրությունը, քաղաքական իրավիճակը տարածաշրջանում և ծավալվող համաշխարհային տնտեսական ճգնաժամը թույլ են տալիս Ռուսաստանին ու Թուրքիային՝ 3-4 տարի հաջողությամբ զարգացնելու իրենց հարաբերությունները, հուսալով, որ դա կբերի ԱՄՆ-ի դիրքերի որոշակի թուլացման Հարավային Կովկասում։ Սակայն ԱՄՆ-ը հաջողությամբ իրագործեց Ռուսաստանին Վրաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու ռազմաքաղաքական օպերացիան, ինչը թույլ տվեց ամերիկացիներին՝ ստանալու Եվրամիության և ՆԱՏՕ-ի համաձայնությունը Սև ծովում և Հարավային Կովկասում իրենց ներկայության ընդլայնման առումով։ ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրություններից հետո ամերիկյան քաղաքականությունն ավելի ակտիվ կդրսևորվի Հարավային Կովկասում Վաշինգտոնի ռազմական ներկայության ամրապնդման առումով։ Կան հստակեցված ծրագրեր այս հարցում, և ԱՄՆ-ը չի հրաժարվելու դրանցից։ Ամերիկյան դիվանագետները բազմիցս հայտարարել են, թե «մենք հնարավորություն կտանք Թուրքիային ու Ռուսաստանին՝ խաղալու իրենց խաղերը և կտեսնենք, թե ինչ հարցեր են ընդունակ լուծելու նրանք։ Թող ռուսներն ու թուրքերն իրենք համոզվեն, թե ինչի կարող են հասնել»։
Ռուսաստանն այսօր փորձում է զոհել Հայաստանի շահերը, վերադարձնել Ղարաբաղն Ադրբեջանի վերահսկողության տակ, որպեսզի Բաքվի ու Անկարայի հետ ստեղծի ավելի վստահելի հարաբերություններ։ Այդ նպատակով Ռուսաստանն ու Թուրքիան, փաստորեն, փորձում են լիկվիդացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և Ղարաբաղի հարցում որոշումների կայացումը տեղափոխել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան ֆորմատի մեջ՝ Հայաստանի ձևական մասնակցությամբ։ Եթե դա տեղի ունենա, Հայաստանին սպասում է ազգային աղետ, որը կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների արմատական վերանայման։ Հայաստանը կկանգնի ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում ինտեգրացվելու արմատական որոշումներ ընդունելու անհրաժեշտության առջև, հնարավոր է, որ ստորագրվի պայմանագիր Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև՝ անվտանգության ապահովման մասին։ Հայաստանը կհայտնվի մեկուսացման մեջ ոչ միայն Թուրքիայի, այլև Ռուսաստանի ու Իրանի կողմից, սակայն հնարավոր է՝ կկարողանա իր վերահսկողության տակ պահել Ղարաբաղը։ Բացի այդ, եթե Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը համաձայնություն տա ռուսական նախագծին, շատ շուտով հարկադրված կլինի իր տեղը զիջելու ամերիկամետ քաղաքական ուժերին։ Այդպիսի իրավիճակում միանգամայն տրամաբանական կլինի Իրանի միացումը ռուս-թուրքական դաշինքին, ինչը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, այլև աջակցել նրանց ԱՄՆ-ին, իսկ միգուցե և Իսրայելին Հարավային Կովկասից դուրս մղելու գործում։ Այդ դեպքում Իրանը հավանություն կտա Ղարաբաղն Ադրբեջանի հսկողության տակ վերադարձնելու ծրագրին։
Միաժամանակ, սակայն, ստեղծված իրավիճակը չի կարող բավարարել Իրանին ռազմավարական հեռանկարի առումով։ Հարկ է ընդգծել, որ ռուս-թուրքական դաշինքը հենց Ռուսաստանի ու Թուրքիայի առաջատար վերլուծաբանները դիտարկում են որպես ժամանակավոր երևույթ։ Նրանք համարում են, որ այդ հարաբերությունները կբերեն որոշ դրական արդյունքներ, սակայն այդ համագործակցությունը չի կարող ամբողջությամբ լուծել իր առջև դրված խնդիրները, այդ թվում՝ Սև ծովից և Հարավային Կովկասից ԱՄՆ-ին դուրս մղելու առումով։ Սևծովյան-կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանից ու Թուրքիայից բացի, բոլոր մյուս պետություններն աշխատելու են ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման օգտին։ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին և կոմունիկացիաների բացումը Հայաստանի տարածքով Անկարայի և Բաքվի միջև կհանգեցնի Իրանի համար նոր և ոչ նպաստավոր իրավիճակի ստեղծման։ Գործնականում տեղի կունենա այն, ինչը ցանկանում էր ԱՄՆ-ը երկար տարիներ և ինչից հրաժարվել է այսօր։ Այսինքն՝ տարածքային և կոմունիկացիոն միավորում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի և հատկապես Թուրքիայի համար Իրանը չի հանդիսանում ցանկալի գործընկեր ենթադրյալ դաշինքի կազմում։ Արևմուտքում Իրանը համարվում է անվտանգության ոլորտում լուրջ խնդիրներ ունեցող պետություն, և նրա մասնակցությունը ռուս-թուրքական դաշինքում կբարդացնի համագործակցությունը։ Արևմուտքի համար Իրանի մասնակցությունն այդ տարածաշրջանային դաշինքին կդիտարկվի իբրև ագրեսիվության և հակադրության մտադրություն։
Հարկ է ընդգծել նաև, որ Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունին այնքան էլ կառավարելի չէ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական իմաստով։ 1990-ական թվականներին ԱՄՆ-ը, գուցե նաև Մեծ Բրիտանիան և Իսրայելը փորձում էին ձևավորել այդպիսի «եռանկյունի», որի նպատակն այդ եռանկյունու մեջ բարձր լարվածության ստեղծումն ու զարգացումն էր։ Այդ ծրագիրը տապալվեց, և եթե անգամ հիշյալ եռանկյան մեջ գոյություն ունի հակադրություն, ապա միայն բացառապես էկզոգեն գործոնների շնորհիվ։ Սակայն դրական, կոոպերացիոն նախագծեր երեք տերությունների համագործակցության շրջանակներում նույնպես չեն կարող իրագործվել, որովհետև այդ երեք երկրներից յուրաքանչյուրն աշխատում է իրագործել այնպիսի քաղաքականություն, որը կխոչընդոտեր մյուս երկուսի միջև համագործակցության զարգացմանը։ Օրինակ, Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ նման եռանկյունու ձևավորմամբ, ինչը ռուսական տեսանկյունից կնշանակեր հակառուսական տրամադրությունների ուժեղացում թուրք-իրանական համագործակցության շրջանակում։ Իրանը նույնպես խանդով է հետևում ռուս-թուրքական համագործակցության փորձերին, թեկուզ և շատ բաներ այդ շրջանակում միանգամայն ձեռնտու են Իրանին։ Ասենք, Սևծովյան նեղուցների հնարավոր շրջափակումը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի համար։ Հիմա Իրանը ձևացնում է, թե նեղացած է Ռուսաստանից նրա տարածաշրջանային քաղաքականության սելեկտիվության պատճառով, ինչի արդյունքում Թեհրանին չեն հրավիրել ռուս-թուրքական դաշինքին մասնակցելու։ Սակայն իրականում Իրանն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա այդ դաշինքի ձևավորումը, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի՝ իբրև իրավազուրկ սատելիտների ընդգրկումով։
Առայժմ այնքան էլ պարզ չէ ինչու, բայց Թեհրանում որոշակի զգուշավորությամբ են ընդունել Դմիտրի Մեդվեդևի ընտրությունը Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ Կարելի է ենթադրել, որ դա կապված է Ռուսաստանի քաղաքականության մեջ կորպորատիվ միտումների և բաղադրիչների ուժեղացման հետ, ինչից իրանցիները միշտ զգուշացել են։ Թեհրանում առանձնապես բարձր չեն գնահատում Ռուսաստանի կառավարիչների պրոֆեսիոնալ ընդունակությունները, համարելով ռուսական քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին «կորպորատիվչիկներ», որոնց շահերը հաճախ չեն համապատասխանում պետության շահերին։ Միաժամանակ հարկ է ընդգծել, որ եթե մոտ հեռանկարում վարչակազմի փոփոխության արդյունքում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կուրսն էլ ենթարկվի փոփոխության, Իրանը կարող է հույս ունենալ, որ տարածաշրջանում կստեղծվի ուժերի նոր հարաբերակցություն։ Մասնավորապես, նույնիսկ իրանա-ամերիկյան հարաբերությունների աննշան բարելավումը կհանգեցնի ԱՄՆ-ի համար Թուրքիայի առավել արժեզրկման և թույլ կտա Իրանին՝ արտաքին քաղաքականության մեջ լայն մանևրներ իրականացնել։ Իրանի համար վարդագույն երազանք է Ռուսաստանին ցույց տալ, որ արտաքին քաղաքականության մեջ և անվտանգության հարցերում իրենք ունեն այլընտրանքային հնարավորություններ և ամենից առաջ` զենքի ու բարձր տեխնոլոգիաների ձեռքբերման բնագավառներում։ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում ներկայիս ստորացուցիչ վիճակը լրջորեն զզվեցրել է իրանցիներին։ Միաժամանակ, եթե ԱՄՆ-ը համաձայնություն տա իրանական բնական գազի արտահանմանը Թուրքիայի տարածքով և նրա խողովակաշարերով դեպի Եվրոպա, ապա դա կհանգեցնի բոլորովին այլ աշխարհատնտեսական իրավիճակի ստեղծման, որի պայմաններում Իրանը կստանձնի որոշիչ դեր, և ռուս-իրանական երկխոսությունը գազի թեմայով կկորցնի իր կարևորությունը։ ԱՄՆ-ը ցանկանում է թուլացնել Թուրքիայի ու արաբական աշխարհի նշանակությունն իր արտաքին քաղաքականության մեջ, և այդ խնդիրը կարող է լուծել Իրանի հետ համատեղ։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխության դեպքում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարելի կլինի սպասել նշանակալի փոփոխությունների։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Իրանի համար առավել ընդունելի դիրքորոշում է չմասնակցել ռուս-թուրքական դաշինքի ձևավորմանը, այլ որդեգրել սպասողական կեցվածք և իր ազգային շահերի համեմատ արձագանքել սպասվող զարգացումներին։ Իրանը նույնիսկ կարող է դրական հայտարարություններ անել և հավանություն տալ ռուս-թուրքական համագործակցությանը, բայց առանց ակտիվ մասնակցության։ Ռուսաստանի նախագիծը ղարաբաղյան հարցում կտապալվի, իսկ հայ-ռուսական հարաբերություններն այլևս երբեք նախկինը չեն լինի։ Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի համատեղումն անհնարին է, և ԱՄՆ-ը շատ արագ կվերականգնի իր դիրքերը Հարավային Կովկասում։ Ներկայումս ԱՄՆ-ը որոշում է կայացրել Վրաստանում, ավելի կոնկրետ՝ Փոթիում, Գորիում և Մառնեուլում երեք ռազմական բազաների ստեղծման, ինչպես նաև Սև ծովում իր ռազմական ներկայության ձևաչափի վերաբերյալ։ Այդ իսկ պատճառով Իրանը չի կարող շահագրգռված լինել զոհելու Հայաստանի շահերը մոտակա նպատակներից ելնելով, այլ կձգտի հարաբերությունները կառուցել այնպես, որ Հայաստանը մնա Իրանի դեմ հնարավոր ագրեսիայով կամ նրա շրջափակմամբ ո՛չ շահագրգիռ պետություն, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հուսալի արգելապատնեշ։ Եթե Իրանը փոփոխության չենթարկի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, Հայաստանի համար ավելի հեշտ կլինի տապալել ռուսական նախագիծը։ Իսկ եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, նրա համար այլևս անիմաստ կլինի շարունակել Մեղրու միջանցքի շրջափակումը։ Ընդհակառակը, Հայաստանն այդ դեպքում շահագրգռված կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի միջև անխափան կապի առկայությամբ՝ իր տնտեսական և անվտանգության շահերից ելնելով։
Միևնույն ժամանակ Թուրքիայում զարգացող ներկայիս քաղաքական գործընթացներն Իրանի քաղաքական ղեկավարության համար կարող են պատրանքներ ստեղծել, և նրանց մոտ հույսեր կծնվեն Թուրքիայում իսլամական քաղաքական ուժերի վերջնական հաղթանակի վերաբերյալ։ Սակայն Թուրքիան ունի երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր իր հարևան տարածաշրջաններում անվտանգության գոտի ձևավորելու վերաբերյալ և չի հրաժարվել աշխարհաքաղաքական էքսպանսիայի այդ նախագծերից։ Թուրքիայի ներսում քաղաքական պարադիգմի փոփոխությունը չի կարող ազդել այդ ծրագրերի վրա։ Իրանը չի կարող սա չհասկանալ և, ըստ այդմ, բոլոր միջոցներով կաջակցի Հայաստանում գործող ազգայնական ուժերին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2878

Մեկնաբանություններ